Աշխարհում այսօր նկատվում է համաշխարհային քաղաքական դաշտի տաքացում,  որի վկայությունն են արաբական գարունը, նյույորքյան աշունը եւ մոսկովյան ձմեռը, իսկ աշխարհի ուժային կենտրոններում` ԱՄՆ եւ Ռուսաստան, սկսվում են ընտրություններ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Այնուհետեւ անդրադառնալով հայաստանյան քաղաքական կյանքին, նա նշեց, որ մի կողմից նկատվում է քաղաքական պրոցեսների մարում, մյուս կողմից քաղաքացիական պրոցեսների ակտիվացում: Այդ ակտիվացման վկայությունն են Թռչկանի ջրվեժի համար պայքարը, Շառլ Ազնավուրի ու գործարար Լեւոն Հայրապետյանի խիստ քննադատական հայտարարությունները, Նարեկ Հարթունյանի գործի նկատմամբ քաղաքացիական ակտիվություն եւ այլն:

Նրա ներկայացմամբ, հենց այդ քաղաքացիական ակտիվությունն էլ թույլ չի տա, որ ընտրությունների ժամանակ իրեն մանիպուլյացիայի ենթարկեն թե իշխանությունը, թե ընդդիմությունը:

Գ. Չուգասզյանի խոսքով, «Սարդարապատը», հաշվի առնելով, ընդդիմության պառակտված վիճակը, կարեւորում է քաղաքացիական դիմադրության օջախների եւ ոչ կուսակցական այլընտրանքային ճակատի ձեւավորումը, որը պետք է տեղի ունենա հետեւյալ  փուլերով. «Բուն նախաձեռնության ձեւավորում, դրա ընդլայնում եւ անմիջական դեմոկրատիայի իրականացում, այն է` Հայաստանի թռիչքային զարգացման նախապատրաստում»:

«Սարդարապատի» ներկայացուցիչը նկատեց, որ ընտրությունների մասնակցելով, կարելի է օգտագործել այլընտրանքային կորիզը, «հող նախապատրաստելով հետագայի իշխանափոխության համար»: