ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար այցի հիմնական մասն անցել է տաճարի կաթոլիկ մասում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ Էմանուել Աթաջանյանը։

«Ինչպես հայտնի է ՝ Սուրբ Հարության տաճարը բաժանված է երեք մասի՝ հայկական, հունական և կաթոլիկ, ինչպես նկարից էլ է երևում, հանդիպմանը մասնակցել են երեք միաբանության անդամները»,–ասաց վարդապետ Էմանուել Աթաջանյանը։

Նրա խոսքով, Մարկո Ռուբիոն Սուրբ Հարության տաճար է այցելել վաղ առավոտյան՝ ժամը 06։30-ին, և այցի զգալի մասն անցկացրել  տաճարի կաթոլիկ հատվածում, սակայն որևէ եկեղեցու առաջնորդի հետ երկար առանձնազրույց տեղի չի ունեցել։

«Հայերը որպես Հարության տաճարի իրավատեր ներկա են եղել, ընդունել են պետքարտուղարին և ճանապարհել։ Հայր Աղանը զրույցներ է ունեցել Մարկո Ռուբիոյին ուղեկցող անձանց հետ, բայց այդ մասին մանրամասների չեմ տիրապետում։ Երբ, օրինակ, Ջո Բայդենն էր եկել Բեթղեհեմ, հունաց պատրիարգը աթոռ էր դրել նրա համար և երկար զրույց արել, Կորյուն Սրբազանն էլ նրան նամակ էր փոխանցել։ Մարկո Ռուբիոյի պարագայում նման բան տեղի չի ունեցել, ամեն ինչ տեղի է ունեցել ոտքի վրա»,–նշեց վարդապետ Էմանուել Աթաջանյանը։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել էր Սուրբ Հարության տաճար։