2011 թ. չորրորդ եռամսյակում կատարված հարցումների արդյունքում հայ սպառողների վստահության ինդեքսը նվազել է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի նկատմամբ ինդեքսը նվազել է 5.3 %-ով, իսկ այս տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ` 9.1 %-ով:
Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է
սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանականի փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):
Ընթացիկ պայմանների ինդեքսում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի նկատմամբ գրանցվել է փոքր աճ (2.4 %)` ի հաշիվ տնային տնտեսությունների կողմից խոշոր գնումներ կատարելու խոստովանության: Սակայն ապագայի սպասումները խիստ հոռետեսական են դարձել: Ամենամեծ անկում (17.2 %) գրանցվել է հաջորդ եռամսյակում եկամուտների փոփոխության մասով:




























