ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Bloomberg-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը կարող է բանակցությունների առարկա դառնալ։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը կարող է ինչպես խստացնել, այնպես էլ թուլացնել պատժամիջոցները՝ կախված բանակցություններին Ռուսաստանի պատրաստակամությունից։
Ըստ նախարարի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին մեկնաբանություններն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապատեղեկացված է (մասնավորապես՝ Զելենսկու վարկանիշի մասին) «անտեղի» էին և բարդացրել են ամերիկա-ուկրաինական հարաբերությունները, հայտնում է BBC-ն։
Նախարարը նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ Զելենսկին իրեն վստահեցրել է, որ Ուկրաինան 500 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կստորագրի՝ ուկրաինական օգտակար հանածոների նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ, սակայն դա չի արել։
Բեսենթի կարծիքով՝ գործարքը պատերազմին վերջ տալու Թրամփի «նուրբ» ծրագրի համար հիմք կծառայի:
«Գործողությունների հաջորդականությունը պետք է լիներ հետևյալը՝ տնտեսական կապերի միջոցով ուկրաինացիներին մոտեցնել ԱՄՆ-ին, համոզել ամերիկացիներին, ամերիկյան հանրությանը, ստանալ նրանց աջակցությունը»,-հայտարարել է Բեսենթը հարցազրույցում։ «Այնուհետև ռուսներին ասել, որ գան բանակցությունների սեղանի շուրջ շատ հստակ ուղերձով, որ եթե մեզ անհրաժեշտ լինի, մենք կուժեղացնենք պատժամիջոցները»:



























