Եվրամիությունը ձգտում է մասամբ փոխարինել ներկրվող ռուսական պարարտանյութերը տեղական՝ Renure-ով, որը հիմնված է համայնքային տնտեսությունների գոմաղբի, ինչպես նաև կենդանիների մեզի վրա: Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով գյուղատնտեսության և պարենի հարցերով եվրահանձնակատար Քրիստոֆ Հանսենին։
Գոմաղբի վրա հիմնված պարարտանյութերը կարող են նվազեցնել կախվածությունը ներկրվող քիմիական պարարտանյութերից և ավելի էժան են, քան արհեստական համարժեքները, որոնց արտադրության համար մեծ էներգիա է պահանջվում, ասաց նա: «Անասնաբուծության ոլորտը կարող է դրական ներդրում ունենալ շրջանաձև տնտեսության մեջ, որը չի պահանջում արտաքին մատակարարումներ և հիմնված չէ էներգիայի բարձր գների վրա, ինչպիսին է գազը», - մեջբերում է FT-ն եվրահանձնակատարի խոսքերը։ «Մենք պետք է նայենք և՛ հնարավորություններին, և՛ [մարտահրավերներին]», - ասաց Հանսենը:
Renure-ի օգտագործումը (կրճատ՝ «գոմաղբից վերականգնված ազոտ») կնվազեցնի պարարտանյութի ծախսերն անասնաբուծական շրջաններում գրեթե 5%-ով, ասվում է Resources, Conservation and Recycling ամսագրում հոլանդացի և բելգիացի գիտնականների ուսումնասիրության մեջ:
Հունվարին Եվրահանձնաժողովը (ԵՀ) հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի մի շարք գյուղմթերքների, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի համար մաքսատուրքեր սահմանելու առաջարկին։ Այն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից հաստատվելու դեպքում։ Սակայն, որոշ անդամ երկրներ «դժկամությամբ են աջակցել» դրանց, քանի որ ֆերմերները ստիպված կլինեն ավելի շատ վճարել այլընտրանքային մատակարարումների համար, նշում է հրատարակությունը։





























