Սիսիանում սիրային պատմությունը հետաքրքիր եւ իրավական հետեւանքներ առաջացնող զարգացում է ստացել: Աղջկա հայրը չկարողանալով խզել դստեր եւ նրա սիրեկանի հարաբերությունները, ռումբ է տեղադրել վերջինիս մեքենայի մեջ, փորձելով պայթեցնել մեքենան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ա. Դավթյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել 185 հոդվածի հատկանիշներով` գույքի դիտավորյալ ոչնչացում: Գործն ուղարկվել է Զինվորական կայազորի քննչական բաժին:
NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ ավտոմեքենայի տերը, ով ճանաչվել է որպես տուժող, ամուսնացած է, կին ու երեխաներ ունի, բայց երկար տարիներ կապված է եղել նույն շենքում բնակվող մեկ այլ կնոջ հետ, ով նախկինում ամուսնացած է եղել, սակայն բաժանվել է:
Հայրն անընդհատ աղջկա սիրեկանին ասել է, որ խզի կապերն իր աղջկա հետ, քանի որ ամուսնացած է, կին ունի եւ ընտանիք, սակայն տղան տարիներ շարունակ անտեսել է այդ հորդորները: Աղջկա հոր համբերությունը հատել է եւ նա չդիմանալով հարեւանների բամբասանքներին եւ կշտամբանքներին, ռումբ է տեղադրել տղայի մեքենայի մեջ:
Արդյունքում ռումբը պայթել է, բայց ոչ ոք չի տուժել:




























