«Թուրքիան սպառնում է Ֆրանսիային», «Թուրքիան ավելացնում է ճնշումը Ֆրանսիայի վրա», «Ֆրանսիան եւ Թուրքիան վիճում են օրինագծի շուրջ», նման վերնագրերով է համաշխարհային մամուլն արձագանքել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությանը:
Պարբերականների մեծ մասը նշում է, որ օրինագծի ընդունումը մեծ վնաս է հասցնում Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերություններին:
«Դիվանագիտական ճնշումն էլ ավելի է ուժգնացել, երբ դեկտեմբերի 21-ին ֆրանսիական կառավարությունն աջակցել է օրինագծին»,- գրում է The Wall Street Journal-ը:
«Պարոն Սարկոզին Թուրքիայի ԵՄ անդամակցության հին քննադատներից է եւ առանձնակի քայլեր չի ձեռնարկել` լարվածությունը պարպելու ուղղությամբ»,- գրում է Irish Тimes-ը:
Շատերը նաեւ նշում են այն փաստը, որ Թուրքիան օրինագիծը համարում է հնարավորություն ֆրանսիական ղեկավարության համար` ստանալու հայ ընտրողների աջակցությունը:
«Ֆրանսիայում մոտ կես միլիոն հայեր են բնակվում, եւ նրանց ձայնը հաջորդ տարի կայանալիք ընտրություններում կարեւոր է համարվում»,- հաղորդում է BBC-ի թղթակիցը:
Շատերն անհիմն են համարում Թուրքիայի սպառնալիքները: «Ֆրանսիան համարվում է թուրքական ապրանքների 5-րդ ներմուծողը եւ 6-րդ արտահանողը Թուրքիա»,- նշում է իսրայելական Haaretz-ը:
Եթե օրինագիծն ընդունվի, այն դեռ պետք է հավանության արժանանա Սենատի կողմից: «Այսօրվա փուլը օրենքի ընդունման տեւական գործընթացի առաջին մասն է: Հաշվի առնելով խիտ խորհրդանական օրակարգը, որոշ փորձագետները նշում են, որ նոր օրենքի ընդունումը դժվար թե հնարավոր է մինչ նախագահական ընտրությունները, քանի որ Սարկոզիի նախագահական մանդատն ավարտվում է հաջորդ գարնանը»,- գրում է The Guardian-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխոտւմը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում:




























