Հայաստանի կառավարությունը ներկայացնում է, թե ունեցել ենք 10 տոկոս արդյունաբերական աճ, մինչդեռ իրականում նման բան գոյություն չունի: Այսօր` դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում է արել Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Վերջինիս խոսքով, իշխանությունները ծախում են հանքը եւ ներկայացնում որպես աճ: «Հանքարդյունաբերությունը պետք է հանել ՀՆԱ-ից»,- առաջարկել է նա:

Բագրատյանը հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում ներկայացնելու է իր բնապահպանական ծրագիրը: Ըստ նախկին վարչապետի, այսպես շարունակելու դեպքում 10 տարի անց Հայաստանում հանք չի մնա: «Մենք արդեն պղնձի հանքեր չունենք Ղարաբաղում, անխնա շահագործում են Ալավերդիում: Պետք է դրվեն դիսկոնտ քվոտաներ, որ ամեն տարի այսքան պղինձ պիտի արդյունահանել»,- նշել է նա:

Ավելին, ըստ Բագրատյանի, հանքարդյունաբերության մեջ ահռելի թիվ է կազմում ստվերը, մոտավոր հաշվարկներով, առնվազն 105 միլիարդ դրամ:

Հրանտ Բագրատյանը նաեւ խիստ կասկածում է կառավարության տվյալներին գյուղատնտեսության աճի վերաբերյալ: «Գյուղատնտեսությունը, պաշտոնական տվյալներով ունեցել է 15 տոկոս աճ, բնակչության թիվը նվազել է 3 տոկոսով: Պետք է գները նվազեին 18 տոկոսով, փոխարենը 12,5 տոկոսով թանկացել են»,- արձանագրել է Բագրատյանը: