Kia ընկերության նախագահ Հո Սուն Սոնգը հայտնել է, որ ընկերությանը «միանշանակ անհրաժեշտ է» սկզբնական մակարդակի մոդել՝ էլեկտրական ավտոմեքենաների գրավչությունն ընդլայնելու համար, հաղորդում է Autocar-ը:

Ելույթ ունենալով EV Day միջոցառման ժամանակ՝ Սոնգը հաստատել է, որ ընկերությունը «ներքին ուսումնասիրություն է անցկացնում», պարզելու համար՝ ինչպիսին կլինի սկզբնական մոդելը. արդյոք դա կլինի քաղաքային ավտոմեքենա, որն ի վիճակի կլինի  պայքարել ապագա Renault Twingo-ին և Volkswagen ID 1-ին դիմակայելու համար, կամ գոյություն ունեցող մոդելի ավելի մատչելի տարբերակ կդառնա:

Նա միաժամանակ ակնարկել է, որ ապագա էլեկտրական ավտոմեքենան կարող է արժենալ շուրջ 25 հազար եվրո։

«Եթե ուզում ենք հասնել գնորդների թիրախային խմբին, որը կազմում է հետագա մեծամասնությունը, մեզ անպայման ավելի փոքր մոդել է պետք, կամ ավելի ցածր գներով մոդել, և մենք նայում ենք, թե ինչպիսին կլինեն մեր սկզբնական մոդելները… Միգուցե հաջորդ EV Day-ում մենք ձեզ ցույց տանք, թե ինչ ենք ծրագրում», -նշել է ընկերության նախագահը:

Եթե ​​ապագա էլեկտրական ավտոմեքենայի կոնցեպտը ներկայացվի հաջորդ տարի, ապա սերիական ավտոմեքենան կհայտնվի 2027 թվականին՝ VW ID 1-ի թողարկման նույն տարում և Twingo-ից մեկ տարի անց։