Արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` դատաիրավական համակարգի խնդիրներին վերաբերող խորհրդակցության ժամանակ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այսօրվա խորհրդակցությամբ եզրափակվում է ընթացիկ տարում դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված հանդիպումների շարքը Հանրապետության ղեկավարի մոտ: Նախորդ քննարկումների ժամանակ խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նախաքննության որակին, դատախազական հսկողության արդյունավետությանը, ինչպես նաեւ դատարանների կողմից իրականացվող արդարադատությանը վերաբերող խնդիրներին:
«Բազմիցս եւ՛ ես, եւ՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, եւ որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրային վստահությունը երեւակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել եւ եզրակացությունների գալ:
Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը:
Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաեւ իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը:
«Կան երեւույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային: Այստեղ է, որ մենք մտածելու շատ բան ունենք եւ եկող ժամանակաշրջանում լրջորեն պետք է զբաղվենք դրանցով: Այս առումով, կցանկանայի նաեւ լսել, թե Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների քառամյա ծրագիրն ինչպիսի՞ գործուն միջոցներ է նախատեսում ապագայում նման երեւույթները կանխելու կամ դրանք բացառելու համար»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը կարեւորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:
Խորհրդակցության արդյունքում նախագահն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական եւ ոչ խտրական մոտեցման ապահովման կարեւորությունը:
Հանրապետության ղեկավարն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարեւորությունը:




























