Նախկին հետախույզ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի դաշնակից Մաթիաս Ուորնիգը լոբբինգ է անում ԱՄՆ-ում՝ «Nord Stream 2» գազատարի հնարավոր վերագործարկմանն աջակցելու համար, գրում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Ուորնիգը, որը Ռուսաստանի գազային հսկա «Газпром»-ի անունից մինչև 2023 թվականը գլխավորել է «Nord Stream 2» մայր ընկերությունը փորձում է ամերիկացի գործարարների միջոցով կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ։

Նրա ջանքերը ձեռնարկվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դադարեցման և Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև տնտեսական կապերի վերականգնման շուրջ քննարկումների ֆոնին:

Ուորնիգը և «Nord Stream 2 AG»-ն ԱՄՆ պատժամիջոցների են ենթարկվել 2022 թվականին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից, գրում է պարբերականը։

Լրատվամիջոցի տեղեկության համաձայն, նախագծի վերակենդանացման ցանկացած գործարք Վաշինգտոնից կպահանջի վերացնել այդ պատժամիջոցները, իսկ Գերմանիայից՝ հավանություն տալ Եվրոպա ռուսաստանյան գազի մատակարարումների վերականգնմանը:

Միևնույն ժամանակ, պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ում իր աղբյուրը թերահավատություն է հայտնել նման համաձայնագրի կենսունակության վերաբերյալ՝ զգուշացնելով, որ Բեռլինի մասնակցությունը «Nord Stream 2»-ի շինարարության վերսկսմանը կարող է լուրջ տարաձայնություններ առաջացնել ԵՄ-ի հետ, որը պահպանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։