Գիտնականները հայտնել են, որ մշակվում է մամոնտին վերակենդանացնելու ծրագիր՝ նոր բրդոտ մուկ ստեղծելուց հետո, գրել է The Guardian-ը։

Ամերիկյան Colossal Biosciences կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները նախատեսում են «վերադարձնել կյանք» նախապատմական հաստակաշիներին՝ գենետիկորեն ձեւափոխելով ասիական փղերին, նրանց տալով բրդոտ մամոնտի հատկություններ:

Նրանք հուսով են, որ առաջին ձագը կծնվի մինչեւ 2028թ. վերջ։ Colossal-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Բեն Լամն ասել է, որ թիմն ուսումնասիրել է հնագույն մամոնտների գենոմը եւ համեմատել դրանք ասիական փղերի հետ՝ հասկանալու համար, թե ինչով են նրանք տարբերվում, եւ արդեն սկսել է խմբագրել վերջինների բջիջների գենոմը:

Այժմ, ինչպես նշել է թիմը, իրենց մոտեցումը նոր աջակցություն է ստացել առողջ, գենետիկորեն մշակված մկների ստեղծումից հետո՝ ցրտադիմացկուն հատկություններով, ներառյալ հաստ մորթին:

Հետազոտության ժամանակ թիմն օգտագործել է գենոմի խմբագրման մի շարք մեթոդներ՝ մինչ դրանք փոխնակ մայրերին  փոխպատվաստելը։ Գիտնականների թիմը կենտրոնացել է ինը գեների քայքայման վրա՝ կապված գույնի, բաղադրության, երկարության կամ մազե ֆոլիկուլների պատկերի հետ։

Այդ գեների մեծ մասն ընտրվել է, որովհետեւ արդեն հայտնի էր, որ դրանք ազդում են մկների մորթու վրա, եւ ակնկալվում էր, որ դրանց առաջացրած խախտումը կհանգեցնի մամոնտների մոտ նկատվող ֆիզիկական հատկությունների, օրինակ՝ ոսկեգույն մորթի:

Սակայն մկների թիրախավորված երկու գեները հայտնաբերվել են նաեւ մամոնտների մեջ, որտեղ, ինչպես ենթադրվում է, դրանք նպաստել են հաստ մորթու առաջացմանը, եւ հետազոտողների կատարած փոփոխությունները նպատակ են ունեցել մկների գեներն ավելի նմանեցնել մամոնտներին: