Գիտնականները պարզել են, որ եգիպտական պատմական Ալեքսանդրիա քաղաքը կործանվում է ծովի մակարդակի բարձրացման պատճառով:
Ըստ Earth's Future հանդեսում հրապարակված հետազոտության՝ հինավուրց քաղաքի ջրափնյա հատվածում շենքերի փլուզման հաճախությունը վերջին տասնամյակում աճել է տարեկան մոտ մեկից մինչև տարեկան 40-ի:
Վերջին 20 տարիների ընթացքում 2300-ամյա այս նավահանգստային քաղաքի 280 շենք, որը հայտնի է նրանով, որ ասյտեղ է ծնվելԿլեոպատրա թագուհին և այստեղ է եղել Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանը, փլուզվել է ափերի էրոզիայի պատճառով, ևս 7000-ը ապագայում փլուզման վտանգի տակ է, գրում են գիտնականները:
Միայն 2014- 2020 թվականներին ամբողջ քաղաքում փլուզվել է 86 շենք, իսկ 201-ը՝ մասամբ, ինչի հետևանքով 85 մարդ է զոհվել:
Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ 1880 թվականից ի վեր Միջերկրական ծովում ծովի միջին գլոբալ մակարդակը բարձրացել է 20-23 սանտիմետրով, իսկ միայն 1993 թվականից՝ 10 սանտիմետրով:
Հետազոտության ընթացքում գիտնականները քարտեզագրել են Ալեքսանդրիայի շուրջ փլուզված շենքերը 2001-2021 թվականներին և համեմատել 1974-2021 թվականների արբանյակային պատկերները 1887, 1959 և 2001 թվականների քաղաքի քարտեզների հետ՝ ծովի մակարդակի բարձրացումը որոշելու համար: Օգտագործելով այս տվյալները՝ նրանք պարզել են, որ Ալեքսանդրիայի ափամերձ գիծը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղափոխվել է տասնյակ մետր դեպի ցամաքի տարածք, իսկ որոշ շրջաններում հողի էրոզիան հասնում է տարեկան 24-36 մետրի:
Հետազոտողները միաժամանակ վերլուծել են հողերի քիմիական իզոտոպները՝ պարզելու համար հողի էրոզիայի աստիճանը:
«Մեր իզոտոպային վերլուծությունը ցույց տվեց, որ շենքերը փլուզվում են ներքևից վեր, քանի որ ծովի ջրի ներթափանցումը քայքայում է հիմքերը և թուլացնում հողը», - ասված է հետազոտության համահեղինակ Իբրահիմ Սալեհի՝ Ալեքսանդրիայի համալսարանի հողի ճառագայթման մասնագետի հայտարարության մեջ: «Ոչ թե բուն շենքերն են տուժում, այլ դրանց տակի հողը»:





























