2012 թվականը շատ կարեւոր տարի է Հայաստանի համար, խորհրդարանական ընտրություններ են լինելու, որոնք առաջին համապետական ընտրություններն են մարտի 1-ի իրադարձություններից հետո: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Ընտրություններով կորոշվի, թե ինչ Հայաստան ենք ունենալու: Ընտրությունը կարտացոլի իրական քաղաքական վիճակը եւ ցույց կտա` ինչպիսի ապագա կունենանք: 2012-ը կլինի կամ ժողովրդավարության, կամ օլիգարխիայի տարի»,- նշել է Կիրակոսյանը:
Որպես մտահոգիչ փաստ Կիրակոսյանը առանձնացրել է աղքատության աճը, Հայաստանի մեկ միլիոնից ավելի բանկիչներ աղքատ են համաձայն պաշտոնական վիճակագրության: «Սա պետք է անընդունելի դառնա, քանի որ հարստության եւ ունեցվածքի տարբերություններն աճում են: Հայաստանի երեխաների 40 տոկոսը ապրում է աղքատության մեջ: Սա պետք է մտահոգի ոչ միայն իշխանություններին, այլեւ` Սփյուռքին»,- նշել է քաղաքագետը:
Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանի համար լուրջ վտանգ է օլիգարխների կողմից հարկերը չվճարելու հանգամանքը: «Օլիգարխների գոյությունը սահմանափակում է արտաքին ներդրումները եւբիզնես միջավայրը»,- նշել է Կիրակոսյանը: Վերջինս կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է մարտահրավեր նետի օլիգարխներին` նրանցից հավաքագրելով 2012-ի բյուջեով նախատսված 101 մլրդ դրամ հավելագրումները, մինչդեռ պարզ չէ` ով կհաղթի, կառավարությունը, թե օլիգարխիան:




























