Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրի քարաթափումները չեզոքացնելու համար, պայթուցիկներն արդեն տեղադրված են:
Ճանապարհի այդ հատվածում, դեկտեմբերի 21-24-ին, տարվում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես, փակվում է ժայռն ընդգրկող հարակից ճանապարհահատվածը, բնակչության տարհանման միջոցով մեկուսացվում են ավելի մոտ գտնվող բնակավայրերը, ինչպես նաեւ ժայռի վրա կատարվում են պայթեցման նախապատրաստական աշխատանքներ: Ժայռի քարաթափման համար պայթուցիկները կտեղադրվեն այսօր` դեկտեմբերի 23-ին, իսկ հենց պայթեցումը կլինի դեկտեմբերի 24-ի առավոտյան:
Իսկ մինչ այդ, Լոռիի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է խորհրդակցություն` Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի, մարզպետ Արթուր Նալբանդյանի, եւ այլոց մասնակցությամբ` քննարկելու համար պայթեցման հետագա հնարավոր վտանգները:
Հրաչ Անտոնյանի խոսքով, պայթուցիկների տեղադրման պահից սկսած, չափազանց վտանգավոր է դառնում այդ ճանապարհով երթեւեկելը, ուստի կատարվում են այն փակելու աշխատանքներ:
Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ իր խոսքում նշեց, որ բազմաթիվ խորհրդակցություններ են հրավիրվել մայրաքաղաքում, որոնց հիման վրա որոշվել է հարցը լուծել մինչեւ նոր տարի, մանավանդ, որ եղանակային պայմանները բարենպաստ են: Մարզպետը թեեւ սխալ համարեց այս օրերին ճանապարհը փակելու փաստը, սակայն շեշտեց, որ ամեն ինչ կարվի մաքսիմալ օպերատիվ, ինչն էլ թույլ կտա շուտ բացել ճանապարհը:
Խորհրդակցության մասնակիցները խորհուրդ տվեցին, որ արկածախնդրությունից ելնելով, մարդիկ այդ օրը պայթեցման վայրում չլինեն, իսկ ավելի մոտ ապրող բնակիչներն այդ օրը ցանկալի է, որ բաց թողնեն տների պատուհանները, քանի որ հարվածի ուժգնությունից դրանք կարող են կոտրվել:




























