Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկօրյա այցով մեկնում է Թուրքիա, որտեղ, մասնավորապես, նախատեսված են բանակցություններ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է RMF24-ը։
Մեկնումից առաջ մամուլի ասուլիսում Տուսկն ասել է, որ ինքը եւ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինան եւ անվտանգությունը Եվրոպայում։
Լեհաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի հարցը «առաջնային նշանակություն ունի Լեհաստանի շահերի եւ մեր անվտանգության տեսանկյունից»։
«Եվ մեր տեսանկյունից շատ կարեւոր է, որ ՆԱՏՕ եւ եվրոպական երկրները միաժամանակ արդյունավետորեն երաշխավորեն կայունությունը զինադադարից հետո եւ խաղաղությունը ռուս-ուկրաինական սահմանին։ Եվ Թուրքիայի դերն այստեղ կարող է որոշիչ լինել»,- նշել է նա։
Տուսկը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայի նախագահի հետ կքննարկի Լեհաստանի եւ Թուրքիայի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում, Սաուդյան Արաբիայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ բանակցությունների արդյունքները, ինչպես նաեւ «Թուրքիայի եւ Լեհաստանի հնարավոր ներգրավվածությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման հարցում», ներառյալ ռուս-ուկրաինական սահմանին։





























