«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը եւ փաստում, որ այդ քայլով Ֆրանսիան վերահաստատեց ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մարդասիրական արժեքների առաջամարտիկը լինելու փաստը:
«Ժառանգության» հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սա նաեւ տրամաբանական շարունակությունն է այլատյացության եւ ռասիզմի դեմ Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականության եւ դրա շրջանակներում վերջին տարիների ընթացքում ընդունված որոշումների:
Մենք արձանագրում ենք, որ այս որոշումը նաեւ աշխարհասփյուռ հայության եւ, նախեւառաջ, Սփյուռքի` ցեղասպանությունը վերապրած եւ հայրենազրկված զավակների երկարատեւ եւ հետեւողական պայքարի արդյունքն է: Արեւմտահայությունը քայլ առ քայլ վերատիրանում է իրենից խլված իրավունքներին, ինչը «Ժառանգությունը» դիտարկում է որպես կարեւորագույն համազգային խնդիր: Ցավոք, մինչ այժմ նման օրինագիծ ընդունված չէ նույնիսկ Հայաստանում:
Հայոց Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման ճանաչման ու դրա համար պատասխանատվություն կրելուն ուղղված պայքարը, ցավոք, դեռ հեռու է հանգուցալուծումից` Ցեղասպանության հետեւանքների վերացումից, Թուրքիայի կողմից զղջման, քավության եւ փոխհատուցման, ինչպես նաեւ Հայոց հայրենատիրության իրագործումից: Եւ այդ պայքարը պետք է միասին շարունակենք` Հայաստան-Արցախ-Սփյուռք համազգային եռամիասնությամբ»:




























