ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից օտարերկրյա երկրների հետ առևտրային լայնածավալ սահմանափակումների պայմաններում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները։ OECD-ում ակնկալում են, որ համաշխարհային տնտեսական աճն այս տարի կկազմի 3,1 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 3,0 տոկոս, ասված է զեկույցում։

Դեռևս դեկտեմբերին կազմակերպությունը կանխատեսում էր 3,3 տոկոս աճ 2025 և 2026 թվականներին։ 2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 3,2 տոկոս, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Տնտեսական տնտեսական զարգացման վերջին տվյալները վկայում են համաշխարհային աճի հեռանկարների թուլացման մասին, կարծում են OECD փորձագետները: «Առևտրային քաղաքականության մեջ զգալի փոփոխություններ են եղել»,- պարզաբանում են նրանք՝ մատնանշելով տնտեսության համար զգալի ռիսկերը։

OECD-ի կարծիքով՝ գլխավոր խնդիրը համաշխարհային տնտեսության աճող մասնատվածությունն է։ Առևտրային խոչընդոտների հետագա աճը կվնասի համաշխարհային տնտեսական աճին և կնպաստի գնաճի, շեշտում է կազմակերպությունը։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն ակնկալում է զգալիորեն ավելի թույլ տնտեսական աճ Մեքսիկայում և Կանադայում, բայց նաև հենց ԱՄՆ-ում, ինչպես նաև Գերմանիայում և Հարավային Կորեայում: Աշխարհի խոշորագույն տնտեսության՝ ԱՄՆ-ի աճը 2025 թվականին կկազմի 2,2 տոկոս՝ նախկինում ակնկալվող 2,4 տոկոսի փոխարեն, իսկ 2026 թվականին՝ 1,6 տոկոս՝ 2,1 տոկոսի փոխարեն, նշված է զեկույցում։ Կանադայի համար նմանատիպ կանխատեսումը 2,0-ից իջեցվել է մինչև 0,7 տոկոս ընթացիկ և հաջորդ տարվա համար: Սպասվում է, որ 2025 թվականին Մեքսիկայի ՀՆԱ-ն կկրճատվի 1,3 տոկոսով։

Եվրոգոտու տնտեսական աճի կանխատեսումը 2025 թվականին 1,3-ից իջեցվել է 1,0 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 1,5-ից՝ 1,2 տոկոսի։ Գերմանիային այս տարի կարող է սպասվել միայն նվազագույն տնտեսական աճ՝ 0,4 տոկոս, ըստ OECD-ի՝ 0,3 տոկոսային կետով պակաս, քան նախկինում սպասվում էր:

Միևնույն ժամանակ, OECD-ն բարելավել է Ռուսաստանում տնտեսական աճի իր կանխատեսումը մինչև 1,3 տոկոս՝ 2025 թվականին նախկինում կանխատեսված 1,1 տոկոսի փոխարեն։ Հաջորդ տարվա համար կազմակերպությունը հաստատել է Ռուսաստանի ՀՆԱ-ի 0,9 տոկոս աճի կանխատեսումը։

OECD-ի կանխատեսումները ելնում էին նրանից, որ Կանադայից և Մեքսիկայից ապրանքների մեծ մասի վրա Թրամփի 25 տոկոս մաքսատուրքերը, ինչպես նաև այլ առևտրային սահմանափակումներ, ներառյալ ԱՄՆ-ից պողպատի և ալյումինի ներմուծման համար պատժիչ տուրքերը, կպահպանվեն: Այլ երկրների հետ ԱՄՆ-ի առևտրային հակամարտության հետագա սրումն էլ ավելի մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում տնտեսական աճի և գնաճի վրա:

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի բացառում իրադարձությունների դրական զարգացումը, ներառյալ՝ Գերմանիայում քաղաքական իրավիճակի կայունացման և առևտրային սահմանափակումների թուլացման պայմանավորվածությունների առնչությամբ։