Մոսկովյան առաքիչները բուհ ավարտած որակյալ մասնագետներից 20%-ով բարձր աշխատավարձ են ստանում։
Դրա մասին հայտնում է РБК գործակալությունը՝ վկայակոչելով SuperJob աշխատանքի որոնման ծառայության ուսումնասիրությունը։
Տարվա ընթացքում առաքիչների միջին աշխատավարձն աճել է գրեթե կիսով չափ (41%) և կազմել 130 հազար ռուբլի: Ընդ որում, բարձրագույն կրթություն ունեցող մոսկվացիները ստանում են 105 հազար ռուբլի աշխատավարձ, իսկ բարձրագույն կրթություն չունեցողները՝ 80 հազար ռուբլի, հայտնել է ТАСС-ը։
«Առաքիչների եկամուտը կախված է առաքման պահանջարկից, որի վրա ազդում են էլեկտրոնային առևտրի զարգացումը և սեզոնայնությունը։ Օրինակ՝ դեկտեմբերն առաքման ամենաբարձր պահանջարկ ունեցող ամիսն է։ Դա պայմանավորված է նախաամանորյա շտապողականությամբ. մարդիկ սկսում են պատրաստվել տոնական երկարատև հանգստին <...>։
Որպես կանոն, առաքման ծառայություններն ավելի տարածված են միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում, ուստի այնտեղ պատվերներն ավելի շատ են։ Այնուամենայնիվ, մայրաքաղաքի առաքիչները իսկապես ավելի բարձր եկամուտներ ունեն. Մոսկվայում առաքման պահանջարկն ավելի մեծ է, քան մյուս շրջաններում»,- Yandex առաքման ծառայությունների մամուլի ծառայության մեկնաբանությունը մեջբերել է РБК-ն։
Այսպիսով, Yandex-ի առաքիչի աշխատավարձը 2025 թվականի փետրվարին կազմել է 114,6 հազար ռուբլի: 2024 թվականին միջին եկամուտը 2023 թվականի համեմատ աճել է 18,1%-ով և կազմել 91,7 հազար ռուբլի։




























