Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի «Բաց դռներ»  ծրագրի շրջանակում, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հովանու ներքո  ԱԺ այգում  անցկացվեց Ամանորին նվիրված ուրախ  ցերեկույթ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանի այգում հյուրընկալված մանուկներին ուրախացնելու էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, սիրված հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսները: Իսկ տոնական մթնոլորտի գլխավոր խորհրդանիշը վառվռուն խաղալիքներով ու լույսերով զարդարված  եղեւնին էր:

Երեխաներն իրենց հասակակիցների ու մեծերի հետ  ունկնդրել են օրվա հանդիսավորությունն ապահովող գեղարվեստական կատարումները` երգերն ու պարերը, ապա միասին Ձմեռ պապի կոչով երկինք են բաց թողել գույնզգույն փուչիկները` ի կատարումն իրենց մտապահած երազանքների:

Նրանց ուրախությունը կիսել եւ հանդիսությանը մասնակցել են նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ու Ազգային ժողովի պատգամավորներ: Ողջունելով մանուկներին` Ազգային ժողովի նախագահը նրանց հղել է իր ամանորյա շնորհավորանքները`մաղթելով ժպիտ, երջանկություն եւ հաջողություններ, իսկ նրանց ընտանիքներին` բարեկեցություն:

Բնականաբար, Ամանորի միջոցառումն անհնար է  պատկերացնել առանց տոնական նվերների, որոնք երեխաները ստացել են եւ անձամբ ԱԺ նախագահից, եւ  Ձմեռ պապից ու Ձյունանուշիկից: