Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Այս գնահատականը տրվել է հրապարակված Համաշխարհային երջանկության ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ պատվերով պատրաստվել է փորձագետների խմբի կողմից։
Առաջին եռյակում ընդգրկվել են նաեւ Դանիան եւ Իսլանդիան։ Ռուսաստանը զբաղեցրել է 66-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցի համեմատությամբ առաջանալով վեց հորիզոնականով: ԱՄՆ-ը 24-րդ տեղում է, Ուկրաինան՝ 111-րդ։ Աֆղանստանը վերջին տեղում է 147 երկրների շարքում։
Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012-ից՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ։ Դրա պատրաստմանը մասնակցում են հարցումներ իրականացնող Gallup-ը եւ Օքսֆորդի բարեկեցության ուսումնասիրության կենտրոնը։ Վարկանիշը կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների հարգումը, աշխատանքի անվտանգությունը, կոռուպցիայի մակարդակը եւ այլն: Զեկույցը հիմնված է երեք տարվա ընթացքում հավաքագրված միջին ցուցանիշների վրա: Վարկանիշի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվան, որը նշվում է մարտի 20-ին։





























