Գյումրիում արտառոց փաստ է արձանագրվել. այսօր` դեկտեմբերի 26-ի գիշերը, Սայաթ-Նովա փողոցի թիվ 2 շենքի պատից անհետացել է նշանավոր դերասան, բեմադրիչ եւ թատերագիր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Հուշատախտակը տեղադրվել էր այս տարվա մայիսի 11-ին` արվեստագետի 100-ամյակի օրը:

Կատարվածն անհանգստացրել է ինչպես քաղաքային իշխանություններին, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչների միությանը, հուշատախտակի անհետացման մասին թատերական գործիչները տեղեկացրել են նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Հայաստանի թատերական գործիչների միությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշատախտակը հանդիսանում է հուշարձան, ուստի գյումրեցիները զարմանքով ու զայրոյթով են նշում, որ սա քաղաքում արձանագրված առաջին դեպքն է, երբ ոտնձգություն է կատարվում հուշարձանի հանդեպ: