Էրդողանն առաջին անգամ է մեկնաբանել Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը, գրում է գերմանական Bild պարբերականը։

Նա նշել է, որ «ՀԺԿ-ի խնդիրները ոչ թե երկրի խնդիրներն են, այլ մի բուռ մարդկանց հավականություններն են»։

Թուրքիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առնչությամբ։ Ոստիկանությունը բռնությամբ ցրում է ցույցերը՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Իշխանություններն արդեն արգելել են հանրահավաքները երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, քաղաքացիներին կոչ անելով մինչև առնվազն մարտի 25-ը խուսափել «չարտոնված գործողություններից»:

Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ոստիկանությունը ձերբակալել է 53 ցուցարարի և ևս 54 օգտատերի՝ սոցիալական ցանցերում հրապարակումների համար: Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի՝ «ընդհանուր առմամբ հետաքննվում է 326 հաշիվ, որից 72-ը պատկանում է արտերկրում ապրող անձանց»։ Ընդ որում, ցույցերի ամենաթեժ պահին Թուրքիայում իշխանությունները 42 ժամով արգելափակել են սոցիալական ցանցերը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականի ընտրություններում։ Իշխանությունները Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիայի, արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի և «ահաբեկչական գործունեության» մեջ։

Ավելի վաղ չեղյալ է համարվել նաև նրա դիպլոմը, առանց որի անհնար է առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ նրա շինարարական ընկերությունը փոխանցվել է պետական ​​սեփականությանը։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը։ «Մեր կուսակցությունն այսուհետև քաղաքականություն է անելու ոչ թե դահլիճներում, այլ փողոցներում ու հրապարակներում»,-ընդգծել է նա։