Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին (Bassam Muhammad Alqabandi)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպան ալ-Քաբանդիին իր առաքելության մեջ՝ նշելով, որ Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական  ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը, իսկ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա այդ գործում:

Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է նաեւ, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել Սերժ Սարգսյանի 2009թ. Քուվեյթ կատարած այցից հետո, ինչը նշանավորվել է բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմամբ, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ:

Դեսպան ալ-Քաբանդին ընդգծել է, որ Քուվեյթը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու ընդլայնումը եւ Երեւանում դեսպանության հիմնումը դրա վկայությունն է: Դեսպանը վստահեցրել է որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խորացման համար:

Զրուցակիցները անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայացած հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանն ու  դեսպան ալ-Քաբանդին կարեւորել են վերջերս Հայաստանի զարգացման գործակալության պատվիրակության Քուվեյթ կատարած այցը եւ դրա ընթացքում  Քուվեյթի ներդրումային ընկերության հետ ստորագրած փոխըմբռնման հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա այդ ոլորտում համագործակցության խորացման համար: 

Հանդիպման օրակարգում էին նաեւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերը: 

Հայաստանի արտգործնախարարն ու Քուվեյթի դեսպանը  քննարկել են նաեւ Միջին Արեւելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: