Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատու պաշտոնյաների դեմ։ Այս մասին նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վրացիները գրեթե երեք ամիս շարունակ բողոքում են՝ կողմ արտահայտվելով Եվրամիությունում ապագայի համար եւ երկրի ղեկավարության կուրսի դեմ։
«Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների եւ բռնությունների: Այսօր Գերմանիան մուտքի լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար»,- հայտնել են Գերմանիայի ԱԳՆ-ից։
Դեկտեմբերին Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարի եւ անվտանգության ուժերի այլ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների մասին։
Հունվարի 27-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանում դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։





























