Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում, դեկտեմբերի 25-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Արագածոտնի մարզի 143 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիմելով զոհված ազատամարտիկների հարազատներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մենք Ամանորը տոնում ենք առանց մեր մարտական ընկերների: Չենք կարող մեր գործունեության համար հաշվետու չլինել մեր մարտական ընկերների ու նրանց հարազատների առջեւ, քանզի ազատամարտիկների շնորհիվ է, որ այսօր ունենք անկախ պետություն եւ կանոնավոր բանակ: Խորհրդանշական է, որ այս միջոցառումը անց է կացվում դպրոցում, քանզի այն յուրօրինակ հայրենասիրության դաս է մատաղ սերնդի համար: Հարկ եմ համարում նշել, որ հայկական բանակի համար ամենակարեւոր գործոնը, որը կարող է հաղթանակ բերել, մնում է մարդը, զինվորականը՝ իր համապատասխան գիտելիքներով: Մարդը հայ ժողովրդի համար մշտապես կարեւորագույն գործոն է եղել: Հայ մարդու երակներով հոսող արյունը հազարապատիկ անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ խողովակներով հոսող նավթային պաշարները»:

Արագածոտնի մարզի 8 ազատամարտիկներ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով: Իսկ Արագածոտնի մարզպետը զոհված ազատամարտիկների ընտանիքներին հատկացրել է դրամական օգնություն:

Արագածոտն կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է նաեւ Աշտարակի վետերանների միություն, ծանոթացել փառքի սրահում ցուցադրվող գրավոր մասունքներին եւ գրառում կատարել հուշատետրում: