Երուսաղեմի Մուսրարա թաղամասում վերջին պեղումների ժամանակ հայտնաբերել են մ.թ. վեցերորդից յոթերորդ դարերի հայկական չորս արձանագրություններ, որոնք, գիտնական Մայքլ Սթոունի կարծիքով, բոլորովին նոր պատմական տեղեկություններ պարունակում են մեր թվարկության վերաբերյալ:

Ըստ Սթոունի՝ արձանագրությունները հայտնաբերվել են խճանկարի հատակի, տապանաքարերի և կավե մեծ ամանի վրա և թռչուններով խճանկարների հետ միասին, հավանաբար, կազմել են մեկ վանական համալիրի մի մասը, որտեղ հայերը նշանակալից դեր են խաղացել, գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը:

Ամենաուշագրավ հայտնագործությունն ընդունելությունների սրահի կենտրոնում հայտնաբերված խճանկարային արձանագրությունն է։ Խճանկարը պարունակում է Եվսթաթիոս անունով քահանայի ձոնը. «Ես Եվսթաթն եմ, քահանան, որը շարեց այս խճանկարը: (Դուք), որ մտնում եք այս տունը, հիշե՛ք ինձ և իմ եղբորը՝ Ղուկասին ի Քրիստոս»։

«Արձանագրությունն արված է անբասիր հին հայերենով։ Արձանագրության մեջ օգտագործված «խճանկար» բառը բավականին հազվագյուտ բառ է, որը չի գտնվել մինչ օրս հայտնի Երուսաղեմի որևէ այլ խճանկարի վրա»,- նշել է գիտնականը։

Արձանագրության թվագրումը հաստատվել է հնագիտական ​​գտածոներով. մետաղադրամները հայտնաբերվել են փայտածուխով խառնված լուծույթից կազմված մուգ մոխրագույն նյութի մեջ, որի մեջ շարված է եղել խճանկարը։ Վերջին մետաղադրամը «յոթերորդ դարի կեսերի բյուզանդական-արաբական դրամն էր»:

Մյուս գտածոների մեջ էին երկու տապանաքարերը։ Դրանցից մեկի վրա գրված է «Պետրոս Սոթքից»՝ ցույց տալով, որ մահացածը Սյունիքի մարզից էր։ Երկրորդ քարի վրա ուղղակի գրված է «Աբել» անունը։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում համալիրում հայ-հունական համակեցության ենթադրությունը։ Սթոունը նշում է, որ նույն եկեղեցու ապսիդում (շենքի կիսաշրջանաձև ելուստ) հայտնաբերվել է հունարեն արձանագրություն՝ հնագրագիտականորեն թվագրված 7-րդ դարի սկզբին։

«Հայ եկեղեցին մերժեց Քաղկեդոնի ժողովի որոշումները մ.թ. 451 թ.… Սակայն առանձնացման գործընթացն աստիճանաբար էր կատարվում»,- նշում է Սթոունը։

Հետազոտությունն ամբողջությամբ հրապարակվել է Atiqot հանդեսում։