Գյումրիի տարածքային հարկային տեսչությունում, այսօր` դեկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել նորաբաց սպասարկման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը:

Հյուրերը շրջել են նորաբաց սրահում, իրենց կարծիքը հայտնել կառւյցում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այսպիսով գյումրեցի հարկ վճարողների   սպասարկումն իրականացվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով:

Նոր կենտրոնի շահագործումից հետո ՊԵԿ նախագահը հանդիպել ու զրուցել է Գյումրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների հետ, խորհուրդներ տվել՝ թե ինչպես ու ինչ սկզբունքով են աշխատելու հարկատուների հետ գալիք տարում: Գագիկ Խաչատրյանին հաշվետվության կարգով Գյումրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ներկայացրել են, որ կառույցին վերջին 6 ամիսների ընթացքում հաջողվել է կրկնապատկել ամսական ֆիսկալ հասույթների  հանրագումարը՝ 2.1 միլիարդ դրամից հասցնելով 4 միլիարդի:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շեշտել է, որ հաջորդ տարի ստուգումները տարբեր կառույցներում շարունակվելու են, իսկ անբարեխիղճ հարկատուները ուշադրության կենտրոնում են լինելու: