ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ նախատեսում է կրճատել 10 հազար լրիվ դրույքով աշխատատեղ մի քանի գերատեսչությունում՝ Թրամփի վարչակազմի ավելի լայն ջանքերի շրջանակում՝ վերակառուցելու համար դաշնային կառավարության շատ ստորաբաժանումներ, հաղորդում է NBC News-ը:

Ակնկալվում էր, որ կրճատումները, որոնք Սպիտակ տան ծրագրի մի մասն են, արդյունավետորեն կփակեն կամ կկրճատեն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) և առողջապահական այլ հաստատությունների մի քանի բաժանմունքներ, ինչը սպառնում է վտանգել հանրային առողջությանն ուղղված ջանքերը:

Նախարարությունը համակարգում է 13 հաստատություն, ներառյալ՝ CDC-ն, Սննդի և դեղերի վերահսկման վարչությունը և Առողջապահության ազգային ինստիտուտները:

Առողջապահության նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ առողջապահության դեպարտամենտի 28 բաժանմունքներում կան «ավելորդ ստորաբաժանումներ», և  վերակառուցման ծրագիրը դրանք կմիավորի 15 ստորաբաժանումների:

«Մենք վերացնում ենք բաժանմունքների մի ամբողջ փունջ՝ պահպանելով դրանց հիմնական գործառույթները և միաձուլում ենք դրանք մի նոր կազմակերպության մեջ, որը կոչվում է «Հանուն առողջ Ամերիկայի կամ AHA»,- գրել է առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը X սոցցանցի իր էջում: 01

Առողջ Ամերիկայի համար պայքարի վարչակազմում ընդգրկվելիք գործակալություններից են Թմրամիջոցների չարաշահման և հոգեկան առողջության ծառայությունների վարչությունը և Առողջապահական ռեսուրսների և ծառայությունների վարչությունը, որը ՄԻԱՎ-ի բուժմանն ուղղված ծրագիր է ներառում:

Ըստ նախարարության հայտարարության՝ CDC-ում վերացված կամ կրճատվողների թվում են գլոբալ առողջության, երկրում ՄԻԱՎ-ի կանխարգելման և հրազենային զենքի կիրառմամբ բռնության կանխման հարցերով զբաղվող ստրաբաժանումները:

Առողջապահության վարչության բարձրաստիճան պաշտոնյա Էնդրյու Նիքսոնը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, CDC-ն աշխատուժը կկրճատի մոտ 2,400 աշխատողով: Նա նշել է, որ երկրի արտակարգ իրավիճակների պաշարները կառավարող Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման գրասենյակը ևս վարչակազմը Առողջության նախարարությունից կտեղափոխի CDC:

Վարչակազմը նաև ստորաբաժանումները կկրճատի նաև այլ գործակալություններում, որոնց հանձնարարված է հաստատել նոր դեղամիջոցները, առողջության ապահովագրություն տրամադրել և արձագանքել վարակիչ հիվանդությունների բռնկումներին:

Սննդի և դեղերի վարչությունն իր լրիվ դրույքով աշխատուժը կկրճատի մոտ 3500-ով. NIH-ի աշխատուժը կկրճատվի 1200 հոգով, իսկ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնները մոտ 300 աշխատող կկորցնեն:

Ընդհանուր առմամբ, ավելի վաղ աշխատողների կրճատումների հետ միասին, առողջապահության նախարարության լրիվ դրույքով աշխատուժը 82 հազարից կնվազի մինչև 62 հազարի:

NBC News-ի ձեռք բերված հուշագրի համաձայն՝ աշխատակիցներն արդեն ուրբաթ  կտեղեկացվեն, թե արդյոք հեռացվել են աշխատանքից: