Ֆրանսիայի դատախազությունը հինգշաբթի կոչ է արել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել յոթ տարվա ազատազրկման և 300 հազար եվրո տուգանքի՝ 2007 թվականի նախագահական արշավը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Գադֆի կառավարության կողմից անօրինական ֆինանսավորելու մեղադրանքների առնչությամբ, հայտնել է Associated Press գործակալությունը։
Ազգային ֆինանսական դատախազությունը (PNF) միաժամանակ կոչ է արել Սարկոզիին հինգ տարով զրկել քաղաքացիական իրավունքներից. միջոց, որը կզրկի նրան ընտրովի պաշտոն կամ որևէ պետական կամ դատական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:
Գործը, որը հարուցվել է հունվարին և նախատեսվում է ավարտել ապրիլի 10-ին, Սարկոզիի հետնախագահական շրջանը խաթարած բազմաթիվ իրավական սկանդալներից ամենալուրջն է համարվում:
Ֆրանսիան 2007-2012 թվականներին ղեկավարած 70-ամյա Սարկոզին մեղադրվում է պասիվ կոռուպցիայի, քարոզարշավի անօրինական ֆինանսավորման, պետական միջոցների յուրացումները թաքցնելու և հանցավոր ընկերակցության մեջ:
Նա հերքում է իր կատարած ցանկացած օրինազանցություն: Մեղադրանքները հնչել են 2011 թվականին, երբ լիբիական լրատվական գործակալությունը և անձամբ Քադաֆին պնդում էին, թե լիբիական պետությունը գաղտնի միլիոնավոր եվրոներ է փոխանցել Սարկոզիի 2007 թվականի նախընտրական քարոզարշավի համար:
2012 թվականին ֆրանսիական Mediapart հետազոտական գործակալությունը հրապարակեց Լիբիայի հետախուզության հուշագիրը, որը բացահայտում էր 50 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիրը: Սարկոզին փաստաթուղթն անվանել է կեղծիք և զրպարտության համար դատական հայց է ներկայացրել:





























