ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում` Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը, ով ենթասպա Արմեն Թովմասյանի կողմից շղթայի հարվածի հետեւանքով կորցրել էր աչքը, դեկտեմբերի 26-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Նարեկ Ավետիսյանի հայրը Անդրանիկ Ավետիսյանը:
«Նարեկին դուրս են գրել, բայց պարբերաբար պետք է տանենք կոնսուլտացիայի: Բայց դուրս գրելուց հետո էլ Նարեկին չենք ասել, որ նրա մի աչքը այլեւս չի տեսնելու: Տղաս գիտի թե բուժվելուց հետո գնալու է ծառայությունը շարունակելու, այնինչ` Նարեկն այլեւս ծառայությունը չի կարող շարունակել: Հոսպիտալի գլխավոր բժիշկը երեկ կանչեց ինձ ու ասաց, որ Նարեկը բոլոր բժշկական հանձնաժողովներով արդեն անցած ու ազատված է: Էլ ի՞նչ ծառայություն, միաչքանի մարդը ինչպե՞ս կարող է ծառայել»,- նշեց Նարեկ Ավետիսյանի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը:
Ի դեպ, դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ԼՂՀ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը): Իսկ եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով»: Այնինչ` մեղադրանքում խոսք անգամ չկա մարմնական վնասվածքների մասին: Հետեւաբար` Անդրանիկ Ավետիսյանը համաձայն չէ հարուցված քրեական գործի հոդվածի հետ կարծելով, որ սա շատ մեղմ պատիժ է կատարված արարքի դիմաց:
Մեր այն հարցին, թե քանի՞ տարվա ազատազրկում են պահանջելու ենթասպայի համար, Նարեկի հայրը պատասխանեց. «Եթե իմ պահանջով լինի 1000 տարի էլ կպահանջեմ, եթե ինչ-որ-մեկը իմ պահանջը հաշվի առնի: Բայց պայքարելու եմ, որ ամենավերջին ձեւով պատժեն նրան: Մի հոգի ընդամենը նախարարությունից եկավ, ներկայացավ որպես զինվորի պաշտպան, ասաց, որ ամենավերջին խստությամբ մեղավորը կպատժվի: Բայց տենենք»:
Իսկ այն հարցին, թե ենթասպայի ծնողները կրկին դիմե՞լ են իրենց բողոքը հետ վերցնելու համար, զինվորի հայրն արձագանքեց. «Չէ, իր հայրը եկավ հանդիպեց իմ հետ, ներողություն խնդրեց, բայց բողոքելու մասին խոսք չկար»:
Ի դեպ, Նարեկի հայրը փոխանցեց, որ ներկա պահին զբաղված է պարզելով, թե ենթասպա Արմեն Թովմասյանի թիկունքում ովքե՞ր են կանգնած:
Հիշեցենք, որ դեկտեմբերի 16-ին Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին դեպքի մանրամասները, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է Նարեկին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է նրա աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Հետո այդտեղից Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























