Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային եւ կարեւորել ԵՄ գրասենյակի հետ ստեղծված համագործակցությունն ավելի ակտիվ դարձնելը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոյանը նշել է, որ շարունակելով ստեղծված ավանդույթները` համագործակցությունը պետք է լինի արդյունավետ ու գործնական` այդ գործընթացում ակնկալելով նաեւ Տրայան Հրիստեայի ջանքերը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը բարձ է գնահատել Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի պատրաստակամությունը` հնարավորինս արդյունավետ համատեղ աշխատանք իրականացնել: Նա ողջունեց խորհրդարանն ու մամուլի հետ աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու` ԱԺ նախագահի հայտարարություններն ու գործողությունները:
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ խորհրդարանը ժողովրդի ընտրած մարմինն է, չպետք է կտրված լինի նրանից եւ նրա համար պետք է լինի թափանցիկ: Տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին կարգադրություններից մեկը եղել է լրագրողների մուտքը Ազգային ժողով ավելի ազատ դարձնելը, Սամվել Նիկոյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ավելի սերտ աշխատել հասարակական կազմակերպությունների հետ:
Զրուցակիցները կարեւորել ենն ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ դրանք որպես այդպիսին ընդունելը հասարակության ու միջազգային հանրության կողմից: ԵՄ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու` իշխանությունների պատրաստակամության առթիվ եւ հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն բոլոր այն կուսակցությունների կողմից, որոնք կարեւոր դեր ունեն քաղաքական կյանքում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵՄ հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես Արեւելյան գործընկերությանն ու համագործակցությանը «Եվրանեսթ» ԽՎ շրջանակներում:




























