Ապրիլի 3-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում պաշտոնապես բացվեց «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի առցանց և անցանց կրթության կենտրոնը։ Այս ենթակառուցվածքները ստեղծվել են Եվրոպական միության աջակցությամբ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել առցանց կրթության որակի բարելավմանը Հայաստանում և Մոլդովայում։
Միջոցառմանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարարության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև ծրագրի շրջանակում ներգրավված մեդիա փորձագետներ։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրանց բնակության վայրից կամ զբաղվածությունից։ Այս լաբորատորիան մեզ թույլ կտա առաջարկել արդի մեդիա կրթություն և պրակտիկ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն»,– ասաց ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:
Հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ նախաձեռնության առանցքային նպատակներից են առցանց կրթության որակի վերահսկման համապատասխան մեխանիզմների ձևավորումը և թվային ուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսների ստեղծումը։
«Այս լաբորատորիան ուսանողներին կտրամադրի իրական մեդիա փորձ և հնարավորություն կտա նրանց ձեռք բերել գործնական հմտություններ մինչև աշխատաշուկա մուտք գործելը»:
Բ․գ․թ․, դոցենտ, ԲՊՀ Լրագրության բաժնի ավագ դասախոս Լիլիկ Ստեփանյանի խոսքով՝ լաբորատորիայում արդեն կա պատշաճ տեխնիկա, որն ուսանողներին կտա ժամանակակից մեդիա գործիքներով աշխատելու, պոդկաստներ նկարահանելու, տեսագրություններ և ձայնագրություններ պատրաստելու հնարավորություն։
«20 տարի առաջ, երբ հիմնում էինք այս կենտրոնը, մեր տեխնիկական հնարավորությունները շատ սահմանափակ էին, իսկ այժմ ուսանողներին հարկ չկա մատների վրա բացատրելու, թե ինչ է կանաչ էկրանը կամ ինչպես են նկարահանում փոդքաստ», – ասաց Լիլիկ Ստեփանյանը։
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ տեխնոլոգիաները նոր հնարավորություն կստեղծեն կրթության ոլորտում:
«Մեր նպատակն է դրանք լիարժեք օգտագործել՝ ապահովելով հասանելի ու որակյալ կրթություն բոլորի համար, ներառյալ նրանց, որոնք հեռավոր վայրերում են բնակվում կամ չեն կարող ազատ տեղաշարժվել»,-շեշտեց նա։
Ըստ Տատյանա Հովհաննիսյանի՝ ծրագրի շրջանակում մշակվել է թվային դասընթաց։ Ներկայումս առաջարկվում են արդի պահանջարկ ունեցող միկրոորակավորման չորս դասընթացներ, որոնք հասանելի են ոչ միայն համալսարանի ուսանողներին ու աշխատակիցներին, այլև բոլոր հետաքրքրվողներին։
«Առաջիկա երեք փուլերից հետո մենք հուսով ենք, որ համալսարանը կկարողանա միկրոորակավորման դասընթացները ներառել ֆորմալ կրթության մեջ։ Սակայն դրա համար անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ։ Այս ծրագրի շրջանակում ներգրավված երեք հայկական համալսարանները միասնական առաջարկներ կներկայացնեն նախարարությանը՝ ազգային մակարդակում համապատասխան փաստաթղթեր ընդունելու համար»,– ասաց նա, նաև հավելեց, որ շուտով Հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնը կդառնա ամբիոն:





























