Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ցանկացած պոտենցիալ խաղաղ համաձայնագիր «դժվար մարսելի» կլինի, բայց ավելի շատ մահվան և ավերածությունների լավագույն այլընտրանքն է:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում տված հարցազրույցում Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախաձեռնությանը, սակայն համաձայնության հասնելը հեշտ չի եղել:

Նրա խոսքով՝ կողմերը դեռ «մի քիչ հեռու» են համաձայնության գալուց։

Պատասխանելով Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների մասին հարցին՝ Ֆիդանն ասել է, որ Եվրոպան չի կարող ինքնուրույն բավարար երաշխիքներ տրամադրել՝ առանց ԱՄՆ աջակցության։

Միաժամանակ, նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար անհրաժեշտ է զսպող գործոն։

Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անդրատլանտյան անվտանգության քաղաքականության փոփոխությունների մասին հարցին՝ Ֆիդանն ասաց, որ դա կարող է Եվրոպայի համար ավելի անկախ դառնալու հնարավորություն՝ սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգներից «մեծ կախվածությունից» հետո: Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ Թրամփի «խնդիրները լուծելու մեթոդները» և նրա նոր վարչակազմը կարող են լուծում գտնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման համար՝ կապված 2019 թվականին ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ: