Ինչպես բոլորի մոտ, այնպես էլ բիզնեսով զբաղվող պատգամավորների համար 2011 թվականը լի էր ձեռքբերումներով եւ բացթողումներով, իսկ գալիք 2012 թվականից բոլորի մոտ էլ ակնկալիքները շատ են:
Այսպես. NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նշեց, որ իր բոլոր նպատակները 2011-ին իրականացել են եւ ոչ մի բացթողում չի ունեցել: Մեկ այլ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ») 2012թ-ին հերթական անգամ առաջադրելու է իր թեկնածությունը, իսկ «Շմայս» մականունով հայտնի ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով 2011թ-ին աչքի ընկավ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելով, ամբողջ տարին բարեմաղթանք է հղել եւ Նոր Տարում էլ ասելու բան չունի:
Իսկ ահա ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Գոհար Ենոքյանը ցանկանում է, որ 2012թ-ի համար մինչ օրս հնչացրած բոլոր լավ բարեմաղթանքներն իրականություն դառնան:
NEWS.am-ի հարցին, թե ինչպես են իրենք անցկացնում Ամանորը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ Նոր տարին իրենց ընտանիքը դիմավորում եւ նշում է այնպես, ինչպես բոլոր սովորական ընտանիքներում: «Ընտանյոք հանդերձ 2012թ-ին Նոր տարին կդիմավորենք Հայաստանում: Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, ապա կցանկանայի, որ 2012թ-ը լինի առողջության, երջանկության, նպատակների եւ երազանքների իրականության տարի: Ինչպես նաեւ թող բերքատու տարի լինի»,-ասաց նա:
Պատգամավոր Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ») ամփոփելով 2011թ-ը նկատեց, որ այն լի էր արհավիրքներով եւ քաղաքացիական պատերազմներով, հետեւաբար հայ ժողովրդին գալիք Նոր տարում մաղթում է ամենակարեւորը` խաղաղություն եւ անամպ երկինք: «Մենք կառուցող ու արարող ազգ ենք մեր ազգային բնութագրով, հետեւաբար թող բնությունը բարեհաճ լինի մեր երկրի նկատմամբ: Որպեսզի գյուղացին վայելի իր քրտնաջան աշխատանքի արդյունքները եւ բոլորիս համար գալիք տարին հիշարժան լինի իր բարի գործերով: Մեզ բոլորիս մաղթում եմ սեր եւ բարություն»,- ավելացրեց Գրիգորի Մարգարյանը:
Նա խոստովանեց, որ 2011թ-ը իր համար բավականին հաջող տարի էր: «Գտնում եմ, որ եթե մարդ առողջ է լինում, խոչընդոտների չի հանդիպում, ուրեմն հաջող տարի է»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե 2012թ-ի համար ի՞նչ նպատակներ ունի, որոնք կուզեր իրականություն դառնային, պատգամավորն անկեղծացավ. «Որոշել եմ, որ առաջադրելու եմ թեկնածությունս ԱԺ առաջիկա ընտրություններում: 2012թ-ը ԱԺ ընտրություններ տարի է, հետեւաբար ցանկանում եմ հայ ժողովրդին ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն, որպեսզի առոք-փառոք դուրս գանք ընտրություններից: Ինչ վերաբերում է 2011թ-ին ունեցած բացթողումներին կարծում եմ, որ բացթողումներ չեն եղել»:
Ի դեպ, Գրիգորի Մարգարյանը եւս Նոր տարին դիմավորելու է Հայաստանում` ընտանիքի հետ:
Իսկ ահա «Շմայս» մականունով հայտնի ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը հրաժարվեց ամանորյա թեմաներով խոսել, պատճառաբանելով. «Այ ցավդ տանեմ, սաղ օրը բարեմաղթանք ենք անում: Այ բալամ, ինչ պետք է, նա էլ գրեք»:
ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Գոհար Ենոքյանն էլ նշեց. «Շատ եմ ուզում, որ մարդիկ առողջ, երջանիկ լինեն, ժողովրդի ֆինասական կարգավիճակը լավանա, մարդկանց տրամադրությունը միշտ բաձր լինի, իսկ արտագաղթը, վերջապես, դադարի: Ես, որպես հայ կին, հայ մայր իմ երկրին եւ ժողովրդին միայն ամենալավն եմ ցանկանում: Բայց ցավոք սրտի շատ հաճախ մաղթանքը մեկ բան է, իրականությունը` մեկ այլ»:
Խոսելով 2011թ-ի գլխավոր բացթողնման մասին, նա առանձնացրեց շարունակվող արտագաղթը, ընդգծելով. «NEWS am-ով կարդացի, որ 60 հազար մարդ արտագաղթել է: Այ սա ինձ համար ամենասարսափելին է, ու միշտ ցավով եմ վերաբերում գնացողներին»:
Ինչ վերաբերում է տարվա գլխավոր նվաճումներին, նա առանձնացրեց օլիմպիական նվաճումները: «Կոնկրետ իմ անձնական կյանքում մեծ նվաճումներ չեն եղել, գլոբալ առումով եւս: Բայց կառանձնացնեմ օլիմպիական ոլորտը: Դե ֆուտբոլն արդեն ոտքի է կանգնում, մեր շախմատի հաղթանակները շարունակվում են: Այսինքն`սպորտի Ինչ վերաբերում է Նոր տարուն ընտանեկան ավանդույթ դարձած սովորույթներին, Գոհար Ենոքյանը նշեց, որ Ամանորի գիշերն իրենք ընտանյոք հանդերձ շնորհավորում են միմյանց եւ դիմավորում միասին: Իսկ հաջորդ օրը` հունվարի 1-ին շտապում են շնորհավորելու իրենց հարազատներից ամենատարեցին:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























