Ընդդիմությունը ԱԺ-ում պիտի ունենա գոնե 20 տոկոս` Սահմանադրական դատարանի գործիքը կիրառելու համար: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 28-ին, ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա կարծիքով` իշխող կոալիցիայի բացարձակ մեծամասնութունը խորհրդարանում անսահմանափակ ազատություն է ընձեռում գործադիր իշխանությանը: Արդյունքում, երբ կառավարությունը չկատարեց իր սոցիալ-տնտեսական ծրագրերը, մասնավորապես` 2009 - 2011 թ. սոցիալ-տնտեսական ծրագիրը, դա որակվեց որպես մարդու իրավունքների խախտում:   

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի սկզբին ՀՅԴ խմբակցությունն առաջարկեց կառավարությանն անվստահության քվե հայտնել, որը սակայն քվեարկությամբ չընդունվեց: Այժմ ՀՅԴ-ն պատրաստվում է այդ նախագիծն ուղարկել Սահմանադրական դատարան, սակայն ընդդիմադիր թեւը` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, ընդհանուր պատգամավորական կազմի 20%-ից պակաս է: Այդ պատճառով ՀՅԴ-ն սկսել է ստորագրահավաք` դիմելով նաեւ կոալիցիայի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ անհատ պատգամավորներին:

Եթե մինչեւ հունվարի 29-ը նախաձեռնությունը չհաջողվի, ՀՅԴ-ն այն կներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ: