Մոտ 2 500 տարի առաջ կելտ էլիտար մարտիկը լրջորեն վիրավորվել է նետի գլխիկից, սակայն նրա վերքը մասամբ ապաքինվել է բժշկական օգնության շնորհիվ:
Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է International Journal of Osteoarchaeology-ում, գիտնականները վերլուծել են կմախքը, որը հայտնաբերվել է երկաթի դարաշրջանի գերեզմանատանը, կոնքի ծանր վնասվածքով: Տղամարդը, որը 30-50 տարեկան էր, ըստ երեւույթին վիրավորվել է նետից։
Կմախքը հայտնաբերվել է տասնամյակներ առաջ կենտրոնական թաղման վայրում, որը գտնվում է հարավային Գերմանիայում, Հյունեբուրգի նախապատմական վայրում: Թմբի տրամագիծը մոտ 43 մետր էր, իսկ բարձրությունը՝ գրեթե 3 մետր:
Թաղման տեղում հայտնաբերվել են սահմանափակ արտեֆակտներ, քանի որ դամբարանները հնագույն ժամանակներում թալանվել են, սակայն հնագետները հայտնաբերել են կառքի բեկորներ, մետաղյա գոտի եւ զարդեր, որոնք օգնել են նրանց դրանք թվագրել մ.թ.ա. 530-520թթ.:
Գիտնականները պարզել են, որ վերքը զինվորի կոնքի ձախ կողմում էր՝ ազդրի խոռոչի մոտ։ Ելնելով ոսկորի միջով անցած վերքի ուղղությունից՝ հետազոտողները եզրակացրել են, որ տղամարդը հարված է ստացել կոնքի առջեւի ձախ կողմից, հավանաբար, երբ նա վազելիս, նստած կամ ձիավարություն անելիս է եղել:
Հետքի ընդհանուր ձեւն ու չափը հուշում են, որ տղամարդու կոնքի վնասվածքը առաջացել է փոքր նետի գլխիկի պատճառով: Հիմնվելով այն ժամանակվա զենքերի հնագիտական ապացույցների վրա՝ դա, ամենայն հավանականությամբ, եղել է ադամանդե ծայրով երկար նետի ծայր, որն օգտագործվում էր մարտերում:
Քանի որ ազդրը ամբողջությամբ չի ծակվել, նետն ակնհայտորեն դուրս է քաշվել, գրել են գիտնականները։
«Վերքի ապաքինումը հուշում է, որ նետի ծայրը հմտորեն հանվել է, եւ վերքը ստացել է համապատասխան բուժում»,- նշել են նրանք։





























