ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հեռախոսազրույցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ այս հարցում, սակայն, կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։

«Խոսակցությունն ընթանում է այդ մասին, այդ հեռախոսազրույցի մասին։ Դեռեւս պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- լրագրողներին ասել է Յուրի Ուշակովը։

Նախագահները վերջին անգամ զրուցել են մարտի 18-ին, իսկ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին: Ինչպես հաղորդել է NBC-ն ապրիլի սկզբին, Թրամփի խորհրդականները խորհուրդ են տվել նրան այլեւս չզանգել Վլադիմիր Պուտինին, քանի դեռ Ռուսաստանը չի համաձայնել Ուկրաինայում հրադադարի հաստատմանը:

Ապրիլի 11-ին կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ասպեկտները։ Սպիտակ տունը հատուկ ներկայացուցչի այցը Ռուսաստան Ուկրաինայում խաղաղության հասնելու քայլ է համարել, գրել է Коммерсант-ը։