Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամանորյա շնորհավորանք է հղել, որտեղ շնորհակալություն է հայտնում ժողովրդին` ոստիկանությանը հավատալու եւ նրանից ակնկալիք ունենալու համար:

Շնորհավորանքում ասվում է.

«Մոտենում է 2012 թվականը: Հնի ու նորի սահմանագծին ենք եւ նորացած ու նորոգված պիտի մտնենք Նոր տարի: Ասված է` նոր գինին նոր տիկերի մեջ պահեք, հին գինին` հին տիկերի...

Ուրախալի է, որ այդ նորի առաջին ծիլերն արդեն երեւում են թե՛ ոստիկանության աշխատանքի կազմակերպման, թե՛, որ ամենակարեւորն է, ոստիկանների հոգեկեցվածքի ու իրենց առաքելության հանդեպ վերաբերմունքի մեջ: Առավել ուրախալի է, որ հասարակությունը գնահատում է բարենորոգման այս ընթացքն ու համարժեք արձագանքում ամեն նորին ու լավին, որ այսօր նախաձեռնում է ոստիկանությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ սկսել է հավատալ եւ ակնկալիք ունի ոստիկանությունից: Վստահեցնում եմ, որ հուսախաբ չենք անի աստիճանաբար հասունացող ձեր հավատը:

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության անձնակազմի այն նվիրյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում ընկալեցին նոր մոտեցումներն ու կարողացան բեկում մտցնել ինչպես իրենց հոգիներում, այնպես էլ` գործի մեջ:

Սա դեռ սկիզբն է: Գալիք տարում շատ ավելին ենք անելու` ամրապնդելով ու խորացնելով նորոգման այս ընթացքը:

Մենք հապաղելու ժամանակ չունենք: Ուրեմն համախմբենք մեր ուժերը, կարճ ժամանակում ունենանք նոր ոստիկանություն, որովհետեւ ինչպիսին ոստիկանությունն է, այնպիսին էլ կլինի մեր երկրի ու զավակների ապագան:

Հավատա՛նք, արժանի՛ լինենք մեր մարդասեր առաքելությանը, մե՛ր մեջ կառուցենք Խղճի ու Օրենքի Տաճարը, եւ ամեն բան Արդարությամբ կլինի:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Շնորհավոր Տիրոջ Սուրբ Ծննդյամբ պայծառացող Ամանոր:

Աստված ձեզ պահապան»: