Հանրապետության նախագահի հանձնարարականով, ուսումնասիրվել է համաներման գործընթացը, որի արդյունքում որոշ խախտումներ են հայտնաբերվել:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաեւ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որի արդյունքում պարզվել է, որ 15 դատապարտյալի նկատմամբ  համաներման ակտը  չկիրառելը իրավաչափ չի եղել: 

15  դատապարտյալ ս/թ դեկտեմբերի 27-ին համաներման ակտի կիրառման հարցը վերանայելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել  ՀՀ արդարադատության նախարարին: Վերջինիս հանձնարարականով այդ գործերը վերանայվել են, արդյունքում՝ Ռաֆայել Ջնդոյի Վարդանյանի, Ալիկ Դերենիկի Մկրտչյանի, Վիտալի Վլադիմիրի Առաքելյանի, Խաչատուր Գագիկի Դավոյանի, Էդվարդ Հովհաննեսի Շահնազարյանի, Մհեր Վաչագանի Վարդանյանի  նկատմամբ կիրառվել է  համաներում եւ  վերջիններս  ս/թ դեկտեմբերի 28-ին արդեն պատժի կրումից ազատվել են: 

Համաներման ակտը կիրառվել  եւ  նշանակված պատիժը համապատասխան չափով  կրճատվել է 7 դատապարտյալի` Արթուր Ռոբերտի Ավալյանի, Արթուր Յուրի Մեժլումյանի, Եղիա Հակոբի Հովհաննսիյանի, Էդգար Անդրանիկի Կարապետյանի, Ռուզվելտ Յուրիկի Մարտիրոսյանի, Վոլոդյա Արթուրի Մարիկյանի, Էդգար Նշանի Մուրադյանի նկատմամբ:

Եվս 2 դատապարտյալի` Վարդան Սերյոժայի Գեւորգյանի եւ Արթուր Սերգեյի Ջավադյանի նկատմամբ համաներման ակտը կիրառելու համար կատարվել են հարցումներ` վերջիններիս կողմից հանցագործությամբ պատճառված գույքային վնաս չունենալու հանգամանքը ճշտելու կապակցությամբ, իսկ դրական  արդյունքների դեպքում նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխան չափով կկրճատվի:

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2011թվականի մայիսի 26-ին: