Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  «Երեւան» հիմնադրամի միջոցներից 42 միլիոն դրամ գումար է  հատկացրել՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ին  մայրաքաղաքի Կորյունի փողոցի 23 հասցեում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած 12 ընտանիքների տների վերակառուցման եւ վերանորգման աշխատանքների իրականացման համար։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետն այսօր անձամբ է բնակիչներին հանձնել հատկացված գումարների բանկային քարտերը՝ նշելով, որ չնայած, այրված տները համարվում են բնակիչների սեփականությունը եւ Երեւանի քաղաքապետարանն այդ տների հարցում որեւէ պարտավորություն չունի, սակայն, հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքներն ու վթարի համեմատաբար մեծ ծավալը, բարի կամք է դրսեւորել եւ խնդրին լուծում տալու համար համապատասխան ֆինանսական աջակցություն է տրամադրել։

«Մենք բազմիցս փորձել ենք կարգավորել խնդիրը եւ փնտրել հարցի լուծման ընդունելի տարբերակներ։ Հավատարիմ լինելով մեր խոստմանը՝ կարծում եմ այս օժանդակությունը կնպաստի, որպեսզի դուք կարողանաք թեթեւացնել ձեր հոգսը։»,–նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացված գույքագրման արդյունքում հաշվարկել է պատճառված վնասի եւ համապատասխանաբար հատկացվող ֆինանսավորման չափը։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության եւ ուշադրության համար՝ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայնել նշելով , որ ամանորից անմիջապես հետո կսկսեն վերանորգման աշխատանքները: