Եվրոպան և Ուկրաինան մերժել են ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների մի շարք առաջարկներ։ Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը, որը ձեռք է բերել ապրիլի 23-ին Լոնդոնում անցկացված բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին փոխանցված փաստաթուղթը։
Ինչպես գրում է Reuters-ը, մի կողմից ամերիկյան և մյուս կողմից եվրոպա-ուկրաինական առաջարկների միջև հիմնական տարաձայնությունները վերաբերում են «տարածքային հարցերի լուծման կարգին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը, անվտանգության երաշխիքներին և ուկրաինական բանակի թվաքանակին»։
Գործակալությունը պարզաբանում է, որ իր եզրակացություններն արել է երկու տեքստերի համեմատության հիման վրա։ Դրանցից մեկը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի կողմից ապրիլի 17-ին Փարիզում անցկացված հանդիպման ժամանակ եվրոպացի պաշտոնյաներին ներկայացված առաջարկներն են, որոնք փոխանցվել են ուկրաինական կողմին։ Երկրորդ փաստաթուղթը ապրիլի 23-ին Լոնդոնում եվրոպացիների և ուկրաինացիների միջև անցկացված բանակցությունների արդյունքն էր։ Այն հանձնվել է Վաշինգտոնի ներկայացուցիչներին։





























