ԱՄՆ դատախազ Էդ Մարտինը NBC News-ին հայտնել է, որ շաբաթ օրը պետքարտուղար Քրիստի Նոեմի դրամապանակի գողության գործով ձերբակալված կասկածյալը երկրում է գտնվում անօրինական կերպով։

Մարտինը նշել է, որ իրավապահ մարմինները որոնում են նաև երկրորդ կասկածյալին, որը նույնպես անօրինական կերպով է գտնվում երկրում։

Ըստ Մարտինի, չի բացառվում, որ կասկածյալը թիրախավորել է Նոեմին, քանի որ նա Ներքին անվտանգության նախարարության քարտուղարն էր։

Նա հայտնել է, որ այս պահին հարցում ներգրավված են ներգաղթի և մաքսային մարմինները։

«Նախագահ Թրամփը մեզ ցուցում է տվել. մենք մեղադրանք կառաջադրենք այդ մարդկանց, որոնք այստեղ են գտնվում անօրինական կերպով, կհետապնդենք դատական կարգով և անհրաժեշտության դեպքում կարտաքսենք նրանց։ Կարող եմ ասել, որ նա Ամերիկայում չի վերադառնա փողոց։ Դրամապանակը վերցրած մարդը գիտեր, թե ինչ է անում։ Սա սիրողական արարք չէր։ Սա մարդ էր, գող, որը գիտեր, թե ինչպես է դա արվում։ Կարելի էր տեսնել, թե ինչպես էր նա ուսումնասիրում սենյակը»։

Այդ մարդու ինքնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ստացվել։

Նոեմի դրամապանակը գողացվել է, երբ դիմակավորված տղամարդը կիրակի երեկոյան մտել է Վաշինգտոնի «Քեփիթալ Բուրգեր» ռեստորան։ Ուղղվելով դեպի Նոեմի սեղանը, որը վերևի հարկում էր, տղամարդն անցել է բարի մոտ նստած Գաղտնի ծառայության քաղաքացիական հագուստով երկու գործակալի կողքով։

Այնուհետև նա նստել է Նոեմի սեղանի կողքին, որտեղ նա ճաշում էր իր ընտանիքի հետ, և ոտքը դրել նրա դրամապանակի վրա՝ այն իր կողմը քաշելու համար, հայտնել են դեպքին ծանոթ երկու անձինք, որոնք ուսումնասիրել են խցիկների տեսագրությունները։ Ապա տղամարդն արագ վերցրել է այն, խցկել բաճկոնի տակ և դուրս եկել՝ անցնելով անվտանգության աշխատակիցների կողքով։

Նոեմի դրամապանակում եղել է 3000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության անցաթուղթ, անձնագիր, տարբեր վարկային քարտեր, չլրացված չեքեր, բանալիների հավաքածու և վարորդական իրավունք։ Հետաքննությամբ զբաղվում են մայրաքաղաքի ոստիկանությունը և ԱՄՆ գաղտնի ծառայությունը։