Պերուում հնագետները հայտնաբերել են ազնվական կնոջ թաղման վայր՝ հուղարկավորման ուշագրավ առարկաներով, այդ թվում՝ տուկանի կտուցից և արա թութակի փետուրներից պատրաստված դեկորատիվ իրերով, հաղորդում է Live Science-ը։
Կինը ապրել է մ.թ.ա. 3000-ից 1800 թվականների միջակայքում, և նրա լավ պահպանված մարմինը հայտնաբերվել է Ասպերո հնագույն քաղաքի ավերակներում, որը գտնվում է Պերուի արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսից մոտ 0,7 կիլոմետր հեռավորության վրա, ասվում է Պերուի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։
Նրա մարմինը փաթաթված է եղել տարբեր նյութերով, այդ թվում՝ բամբակյա գործվածքով, բուսական մանրաթելերի կապոցներով և ցանցերով։ Նրա մաշկը, մազերը և եղունգները լավ պահպանված էին, ինչը անսովոր է, քանի որ տարածքում մարդկային մնացորդներից սովորաբար միայն ոսկորներն են մնում, ասվում է հայտարարության մեջ։
Կինը մահացել է 20-ից 35 տարեկան հասակում և թաղվել է հուղարկավորման տարբեր պիտույքներով, այդ թվում՝ արա թութակի փետուրներով գործված պանո, կանաչ և շագանակագույն ուլունքներով զարդարված տուկանի կտուց, ամազոնյան խխունջի պատյան, մոտ 30 քաղցր կարտոֆիլ և ձկնորսական ցանց։
Կնոջ ինքնությունն անհայտ է, բայց, ամենայն հաանականությամբ, նա հասարակական բարձր դիրք է զբաղեցրել։ Նա ապրել է այն ժամանակաշրջանում, երբ տարածքում ծաղկում էր Կարալ քաղաքակրթություն անունով հայտնի մշակույթը։ Այն հայտնի էր իր մեծ բնակավայրերով և անվանակոչվել է Կարալ (հայտնի է նաև որպես Կարալ-Սուպե սրբազան քաղաք) հնագիտական վայրի անունով, որը 526 հեկտար տարածք զբաղեցնող քաղաք էր, որտեղ կային բուրգեր և տաճարներ։
Կարալյան քաղաքակրթությունը տարածաշրջան բերեց քաղաքային կյանք այնպիսի մասշտաբով, ինչպիսին նախկինում չէր եղել։





























