ԱՄՆ առնվազն 121 հազար դաշնային պետծառայող հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության եկավ։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով սեփական հաշվարկներին։
Նրա տեղեկացմամբ՝ զանգվածային կրճատումներն անդրադարձել են մոտ 30 գերատեսչությունների վրա, սակայն ամենաշատը տուժել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID). անձնակազմի կրճատումների մի քանի ալիքներից հետո նրա գործունեությունը դադարեցվել է։ Կրթության նախարարությունը աշխատանքից ազատել է իր աշխատակիցների 51 տոկոսին եւ փակել 12 տարածքային գրասենյակներից 7-ը։ ԱՄՆ բնակարանաշինության եւ քաղաքաշինության դեպարտամենտը եւ առողջապահության ազգային ինստիտուտը, որոնք մտնում են առողջապահության եւ սոցծառայությունների դեպարտամենտի մեջ, զգալի թվով աշխատակիցներ են կորցրել:
Փորձագետների կարծիքով, որոնց հետ զրուցել է հեռուստաընկերությունը, այս կրճատումների հետեւանքներն արդեն զգացվում են ամերիկացիների կողմից եւ կասկածի տակ են դնում կառավարության կարողությունը՝ բավարարել իր քաղաքացիների շահերը կրթության, առողջապահության եւ հանրային անվտանգության ոլորտներում:
Իր երդմնակալությունից կարճ ժամանակ անց Թրամփը հայտարարել է մի շարք միջոցների մասին՝ ուռճացած կառավարությունը կրճատելու եւ բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար: Նա նաեւ հանձնարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին ղեկավարել կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը:




























