Աստղագետները տասնամյակներ շարունակ փորձում էին պարզել ամենածանր տարրերի, ինչպիսին ոսկին է, տիեզերական ծագումը։
Այժմ նոր հետազոտությունը, որը հիմնված է տիեզերական առաքելությունների արխիվային տվյալներում հայտնաբերված ազդանշանի վրա, կարող է մատնանշել հանելուկի հնարավոր բանալին՝ մագնիտարները կամ ուժեղ մագնիսացված նեյտրոնային աստղերը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Astrophysical Journal Letters-ում։
Գիտնականները կարծում են, որ ավելի թեթև տարրերը, ինչպիսիք են ջրածինը և հելիումը, և նույնիսկ լիթիումի փոքր քանակությունը, հավանաբար, գոյություն են ունեցել վաղ փուլում՝ այն բանից հետո, երբ 13,8 միլիարդ տարի առաջ Մեծ պայթյունի հետևանքով ձևավորվել է Տիեզերքը։
Այնուհետև պայթող աստղերն անջատել են ավելի ծանր տարրեր, ինչպիսին է երկաթը, որոնք մտել են նորածին աստղերի և մոլորակների կազմի մեջ։ Սակայն ոսկու բաշխվածությունը, որն ավելի ծանր է երկաթից, ամբողջ Տիեզերքում հանելուկ է մնում աստղաֆիզիկոսների համար։
«Սա բավականին հիմնարար հարց է Տիեզերքում բարդ նյութի ծագման տեսանկյունից, - պատմել է հետազոտության առաջատար հեղինակ և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դոկտորանտ Անիրուդ Պատելը։ - Սա հետաքրքիր գլուխկոտրուկ է, որն իրականում դեռ լուծված չէ»։
Նախկինում տիեզերքում ոսկու ծագումը կապում էին միայն նեյտրոնային աստղերի բախումների հետ։
2017 թվականին աստղագետները դիտարկել են երկու նեյտրոնային աստղերի բախումը։ Աղետալի բախումն առաջացրել է տատանումներ տարածաժամանակի մեջ, որոնք հայտնի են որպես գրավիտացիոն ալիքներ, ինչպես նաև գամմա-ճառագայթման պայթյուն։ Բախման հետևանքով, որը հայտնի է որպես կիլոնովա, նաև ձևավորվել են ծանր տարրեր, ինչպիսիք են ոսկին, պլատինը և կապարը։ Կիլոնովաներն անվանում են «տիեզերքում ոսկու արտադրության ֆաբրիկաներ»։





























