Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կետերի արտաթորանքը կարևոր դեր է խաղում ծովային էկոհամակարգերում։ Այս հսկա կաթնասունները սնվում են օվկիանոսի խորջրյա շրջաններում և սննդարար նյութեր են արտազատում ծանծաղուտներում՝ մի գործընթաց, որը հայտնի է որպես «կետային պոմպ»։
Սննդարար նյութերի այսպիսի տեղաշարժը կարող է խթանել պլանկտոնի ֆոտոսինթետիկ ակտիվությունը, որը կազմում է օվկիանոսի սննդային շղթայի հիմքը։ Քանի որ սննդարար նյութերը, ինչպիսին է երկաթը, անհավասարաչափ են բաշխված ջրում, կետային պոմպն օգնում է պահպանել ֆիտոպլանկտոնը այն շրջաններում, որտեղ նման տարրերը պակասում են։ Կետերի որոշ տեսակներ գաղթում են օվկիանոսի ընդարձակ տարածքներով՝ ճանապարհին տեղափոխելով սննդարար նյութեր։ Սապատավոր կետերը, օրինակ, կատարում են բոլոր կաթնասուններից ամենաերկար միգրացիան՝ մինչև 6200 մղոն (մոտ 10․000 կմ), կենսականորեն կարևոր սննդարար նյութեր տարածելով օվկիանոսային բոլոր ավազաններում։
Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները բացահայտում են բեղավոր կետերի մեզի սննդարար դերը։
Բեղավոր կետերից շատերը, ներառյալ սապատավոր և գորշ կետերը, ամառն անցկացնում են՝ սնվելով բևեռային և մերձբևեռային ջրերում, իսկ հետո ամեն ձմեռ հազարավոր մղոններ գաղթում են դեպի հասարակածային բազմացման վայրեր՝ հաճախ հավաքվելով համեմատաբար սահմանափակ շրջաններում։
Գաղթելով օվկիանոսով՝ կետերը նաև իրենց հետ տանում են տարբեր օրգանական նյութեր, ներառյալ ընկերքը՝ ծննդաբերության ժամանակ, մեզը, կղանքը, իսկ երբեմն նույնիսկ սեփական մարմնի մնացորդները, եթե նրանք սատկում են ճանապարհին։
Գիտնականները նաև բացատրել են, որ գորշ, սապատավոր և հարթ կետերը ածխածին և ազոտ են տեղափոխում արևադարձային ջրեր՝ «մեծ կետային կոնվեյեր» անվանումը ստացած գործընթացի միջոցով։ Ամեն տարի այս տեղաշարժը տեղափոխում է ավելի քան 46․000 տոննա կետերի կենսազանգված, ներառյալ նրանց մարմիններում պարունակվող սննդարար նյութերը, և գրեթե 4000 տոննա ազոտ՝ դեպի օվկիանոսի՝ սննդարար նյութերի ցածր պարունակությամբ շրջաններ։
Այս ազոտի մեծ մասը գալիս է կետերի մեզից, որը առանցքային դեր է խաղում ֆիտոպլանկտոնի աճը խթանելու և ֆոտոսինթեզն ուժեղացնելու գործում։ Ֆիտոպլանկտոնի ակտիվության այսպիսի աճը կարող է հանգեցնել մթնոլորտից տարեկան մոտավորապես 18․180 տոննա ածխածնի հեռացմանը, ինչը նպաստում է օվկիանոսի կողմից ածխածնի բնական կլանմանը։





























