Հնդկաստանի ռազմածովային ուժերը եւ Պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել են բազմաթիրախ ստորջրյա ռազմածովային ական: Այս մասին հայտնել է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Հնդկաստանի ՌԾՈւ-ն հաջողությամբ իրականացրել է մարտական հրաձգություն հնդկական գերժամանակակից ստորջրյա ռազմածովային ականի վրա, որը նախատեսված է սակավ նկատելի նավերին եւ սուզանավերին դիմակայելու համար»,- հայտնել են նախարարությունում: Ականը պատրաստ է շահագործման, ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը, մեկնաբանելով ականի փորձարկումը, ընդգծել է, որ այն «էլ ավելի կբարձրացնի Հնդկաստանի ռազմածովային ուժերի հնարավորությունները ստորջրյա պատերազմում»։
Նյու Դելին Պակիստանի հետ հարաբերություներում լարվածության աճի ֆոնին, Ջամու եւ Քաշմիր հնդկական միութենական տարածքում ահաբեկչությունից հետո, մի շարք փորձարկումներ է իրականացրել ծովում, օդում եւ ցամաքում։





























