Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս հանգստյան օրերին՝ մայիսի 10-11-ին: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«Ուիթքոֆն ինձ հայտնել է, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս հանգստյան օրերին»,- գրել է նա։ «Եթե դա տեղի չունենա, ապա դա կլինի միայն նախագահի [ԱՄՆ Դոնալդ Թրամփի] Մերձավոր Արեւելք կատարելիք այցի պատճառով»,- ասել է հատուկ բանագնացը:

Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները դրական են։ «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցում: Հուսով եմ, որ դրանք [բանակցությունները] ընթանում են ճիշտ ուղղությամբ: Նախագահը ցանկանում է, որ հարցը հնարավորության դեպքում լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով, ուստի մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք առաջ տարվեն»,- ասել է Ուիթքոֆը:

Երկուշաբթի ավելի վաղ իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ասել էր, որ Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ եւ սպասում է հաջորդ հանդիպման օրվան ու վայրին Օմանից, որը միջնորդի դեր է կատարում։