Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը, գրում է գերմանական Deutsche Welle-ն։
Պատերազմը չի կարող ավարտվել «առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը։ Ըստ նրա՝ եվրոպացիները չեն կարող փոխարինել Միացյալ Նահանգների դերը։
Մերցը շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի կնքման երաշխիքների տրամադրմանը։
Նա շեշտել է, որ եվրոպացիները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ապահովման գործում, սակայն ամերիկացիները նույնպես պետք է մասնակցեն դրան։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հույս դնել մեր լիակատար աջակցության վրա, երբ խոսքը պատերազմի ավարտի մասին է»,-ընդգծել է Գերմանիայի նոր կառավարության ղեկավարը։
Նա նշել է, որ հրադադարի շուրջ կողմերի համաձայնության գալուն պես Գերմանիան պատրաստ է մասնակցել դրա պահպանման մոնիթորինգին՝ «Միացյալ Նահանգների ղեկավարությամբ և մասնակցությամբ»։
Վաշինգտոնը պետք է միաժամանակ «շարունակի կատարել իր պարտավորությունները» ՆԱՏՕ-ում և Ուկրաինայի հանդեպ, հավելել է կանցլերը։
Նա նշել է նաև, որ մինչև մշտական հրադադարի համաձայնեցումն անհնար կլինի անվտանգության երաշխիքների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել։
Նրա կարծիքով՝ ապագայում Բեռլինն ու Փարիզը պետք է «ավելի արդյունավետ» համակարգեն Ուկրաինային աջակցելու միջոցառումները։
«Ուկրաինան ռուսական ագրեսիայի դեմ պայքարում կարող է շարունակել ապավինել Գերմանիային և Ֆրանսիային»,-վստահեցրել է նա։ Մերցը հայտնել է նաև, որ «առաջիկա շաբաթներին» կայցելի Ուկրաինա, և որ այդ այցի նախապատրաստական աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են։





























